Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած քաղաքացիներին ոլորտի պատասխանատուները հորդորում են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել

06.03.2023
Առողջապահություն

Այս պահին Հայստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։ Աշխատաքնային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ն, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների և կոնտակտավորների հայտնաբերման համար, ինչպես նաև տրամադրվել է խորհրդատվություն: Ընդհանուր առմամբ կատարվել է 146 պատվաստում: Ոլորտի պատասխանատուները կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Այն անձինք, ովքեր փոքր տարիքում չեն պատվաստվել կամ չեն հիշում պատվաստման մասին, նույնպես կարող են մոտենալ հաշվառման պոլիկլինիկա՝ պատվաստվելու, գործընթացն անվճար է: 
***
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գծանշում, ճանապարհային երթևեկության նշանների տեղադրում և միջնապատերի տեղադրում. ներկայացված առաջարկներով պայմանավորված՝ քաղաքի որոշ հատվածներում փոխվել է ճանապարհային երթևեկության կազմակերպումը: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի:  
***
Երևանի մետրոպոլիտենը նախանշում է հիմնանորգել 2 հատ երեք վագոնանի շարժակազմ՝ համալրելով դրանք չշահագործվող կայանված միջանկյալ վագոններով։ Հիմնանորոգումից հետո շահագործվող շարժակազմերի քանակը կհասնի 16-ի, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը՝ փոքրացնելով  երթևեկության միջակայքը և ուղևորների համար հարմարավետ  երթևեկության միջավայր ստեղծելով: 
***
Ավարտական փուլում է Աբովյան պուրակի հիմնանորոգումը: Ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինեն կանաչապատման նոր լուծումներ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:   
***
Երևանյան շինհրապարակները պետք է ձևավորվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Քաղաքաշինության կոմիտեի հետ, անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև  օրենսդրական փոփոխություններ:  

Լուսանկարներ