Քննարկվել են Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող խնդիրներ
Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակմանն առնչվող խնդիրներ են քննարկվել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հանդիպման ժամանակ: Նախագծի նպատակն է, մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց, պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարը: Կարևորելով օրինագծի մշակումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ այն պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնի կառուցապատումը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ հայեցակարգը հնարավորություն կտա ամրագրել ճարտարապետական կերպարի միասնականությունը, փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության պայմաններն ու հստակ նորմերի սահմանումը: