Քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ոլորտների զարգացմանը միտված հարցեր

07.09.2017

«Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների զբոսաշրջության զարգացմանը նվիրված հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովը: Կլոր սեղան ձևաչափով անցկացված քննարկմանը, որին հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի թանգարանների, զբոսաշրջային ընկերությունների, ռուսական տպագիր և էլեկտրոնային զբոսաշրջային պարբերականների ներկայացուցիչներ, մասնակցել են նաև երևանյան «Թրավելոն», «Արմենիա Թրավել +Մ» և «Յունայթեդ Թրավել» զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետի կողմից մեծ ուշադրություն է դարձվում Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու այդ տեսանկյունից կարևորում ենք Երևանի քույր և գործընկերներ քաղաքների միջև առկա համագործակցության ընդլայնումը: Սանկտ Պետերբուրգը, լինելով զբոսաշրջային լավագույն արդյունք ունեցող ՌԴ քաղաքներից առաջատարը, այս առումով Երևանի համար համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում:
Նախորդ 3 տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ ունեցած սերտ համագործակցության արդյունքում ձևավորվել է արդյունավետ աշխատանքային ծրագիր, որի շրջանակում երկու քաղաքների միջև իրականացվել է սոցիալական գովազդի փոխանակում, կազմակերպվել են համատեղ փոխայցելություններ: Սակայն այս ամենով չենք բավարարվում և մեր առջև դնում ենք նոր խնդիրներ: Մասնավորապես, եկել է ժամանակը, որ երկու քաղաքների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները սկսեն ակտիվ համագործակցել իրար հետ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Հանդիպման ընթացքում Գևորգ Օրբելյանն էլ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային ներուժը՝ կլոր սեղանի մասնակիցներին հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Երևանն այսօր հանդես է գալիս նորովի, ժամանակակից զբոսաշրջային արդյունքով, արագ զարգացող ենթակառուցվածքներով, զբոսաշրջային փառատոներով: Առիթից օգտվելով՝ Սանկտ Պետերբուրգի մեր գործընկերներին սիրով հրավիրում ենք հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ մեր սիրելի քաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասնակիցը», -նշել է Գևորգ Օրբելյանը:
Երևանից ժամանած զբոսաշրջային տուրօպերատորներն իրենց հերթին ռուսական արտագնա զբոսաշրջային ընկերություններին են ներկայացրել Հայաստանի գրավչությունն ու առաջարկվող զբոսաշրջային փաթեթները:
Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովն էլ իր հերթին առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնումը` ընդգծել է, որ առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ:
«Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության լայն հեռանկարներ կան: Անչափ կարևոր է, որ երկու քաղաքներն այսօր սերտորեն համագործակցում են, ինչն իր հերթին նպաստում է նաև այս ոլորտում փոխշահավետ գործակցություն ծավալելուն: Շահագրգռված ենք զարգացնելու ուղիղ ավիաչվերթները և ինչու ոչ՝ Պետերբուրգը ներկայացնող գրասենյակ ունենալ Երևանում»,- նշել է Անդրեյ Մուշկարյովը:
Հանդիպում-քննարկման շրջանակում նախանշվել է նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի 2017-2019թթ. աշխատանքային ծրագիրը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ