Քաղաքի փոսերը պետք է նորոգվեն՝ քանդում-փոսալցում նույն օրը սկզբունքով. նոր պահանջ շինարարներին

08.05.2023

Երևանում փողոցների փոսանորոգում իրականացնող երկու կազմակերպություն չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ասֆալտի գործարան, ինչի պատճառով չեն կարողանում կատարել աշխատանքներն ամբողջ ծավալով, և քաղաքում կան փորված փոսեր: Աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ընկերություններից մեկն արդեն իսկ 3 նկատողություն է ստացել, և պատրաստվում է պայմանագրի խզում, մյուս կազմակերպությունը ևս նախազգուշացվել է: 
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մրցույթի տեխնիկական առաջադրանքում ամրագրել փորման և փոսալցման աշխատանքները նույն օրը կազմակերպելու պահանջը:
«Փոսերը պետք է քանդվեն և տեղում փոսալցվեն: Եթե գործարան ունենալու պահանջը կարող է խտրական դիտվել, ապա պետք է պահանջ դնենք, որ փոսալցման աշխատանքները տեղի ունենան՝ քանդում և փոսալցում նույն օրը սկզբունքով: Հետևապես մրցույթին կմասնակցեն այն ընկերությունները, որոնք ունեն համապատսխան հնարավորություններ»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Նորք Մարաշ վարչական շրջանը Սարալանջի փողոցին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցույթը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով: Հանձնարարվել է ճանապարհաշինական ընկերություններին ևս մեկ անգամ իրազեկել շինարարության մրցույթի մասին՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն:
***
Ընթացքում է Երևանի թիվ 5 պոլիկլինիկայի հիմնանորոգման ու բակի բարեկարգման և թիվ 12 պոլիկլինիկայի վերանորոգման  ծրագիրը: Կառավարության աջակցությամբ էլ նորոգվում են «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնն ու թիվ 8 պոլիկլինիկայի «Կիլիկիա» մասնաճյուղը:  
Ավարտական փուլում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի հիմնանորոգումը: 

***
Երևանյան լճի ափամերձ հատվածի բարեկարգման շինարարական աշխատանքներից հետո կմեկնարկի տարածքի կանաչապատումը: Արդեն իսկ պատրաստվել է ֆիտոնախագիծ: 
***
Անդրադառնալով ինքնակամների օրինականացման համար քաղաքապետարան մուտքագրված ժամկետանց  դիմումներին՝ նշվել է, որ 3212  գրությունից 128 գործի արդեն պատասխանվել է:
«Մեր ամենամեծ խնդիրն է սա: Մեր ռեսուրսը պետք է կենտրոնացնենք ինքնակամների կտորի վրա: Բոլոր այն տեղերում, որտեղ բնակելի թաղամասեր են և եթե նույնիսկ համայնքային հողի վրա են, բայց օրենքի տրամաբանության մեջ են ու համապատասխանում են չափանիշներին, պետք է դրական եզրակացություններ տրվեն: Իհարկե, կան որոշակի դեպքեր, որոնք պետք է առանձին քննարկել վարչական շրջանների ղեկավարների հետ» ,-նշել է փոխքաղաքապետը:
***
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ նշվել է, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են ներկայացրել բնակարանների ձեռքբերման, ինչպես նաև 1քմ հաշվարկով արված գնառաջարկից: 18-30քմ հանրակացարանային սենյակների փոխարեն համայնքն առաջարկում է մի քանի անգամ ավելի մեծ բնակարաններ գնելու հանրավորություն՝ 1 քմ 402 հազար դրամով:
«Առաջարկվող գնով, իհարկե, քաղաքի կենտրոնում չես կարող բնակարան ձեռք բերել, բայց այն բավարար է քաղաքի տարբեր հատվածներում համապատասխան գույք ձեռք բերելու համար:  Այս գործընթացը պետք է չընկալվի որպես վիճակախաղ: Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը հնարավոր երկրաշաժից կարող է փլվել: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, չնայած Երևանի քաղաքապետարանն ուղիղ պարտավորություն չունի: Հասկանալով քաղաքացիների խնդիրը՝ գնում ենք այդ լուծման, և այստեղ պետք է լինի համագործակցություն քաղաքացիների հետ»,-ընդգծել է փոխքաղաքապետը: 
***
Շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու նպատակով  համայնքը ներդնում է նոր համակարգ . շինարարական աշխատանքների ավարտական ակտերը կտրամադրվեն միայն շինարարական աղբի՝ համապատասխան աղբավայր տեղափոխումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Արդեն իսկ մշակվել է հատուկ կտրոն: Կներդրվեն նաև վերահսկողության նոր մեխանիզմներ՝ կեղծումները բացառելու նպատակով:
***
Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ:  Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, կբարձրանա ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչն էապես կբարելավի հասարակական տրանսպորտի վիճակը: 
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտվում են գծանշման աշխատանքները՝ բացառությամբ այն փողոցների, որտեղ շինարարական աշխատանքներ են նախատեսված: Քաղաքն ամբողջությամբ կգծանշվի  առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Երկրորդ փուլով գծանշում կարվի արդեն աշնանը:  
 

Լուսանկարներ