Կմշակվի քաղաքային կառավարումն ավելի նորարար և մասնակցային դարձնելու գործողությունների ծրագիր

20.05.2022

Քաղաքային ծրագրերում հասարակության մասնակցությունը խթանելու, կառավարումն առավել թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու նպատակով Երևանն անդամակցել է «Տեղային Բաց կառավարում» նախաձեռնությանը: Գործակցության շրջանակում կմշակի նոր գործողությունների ծրագիր:

 

Նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը: Քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը, ԲԿԳ տարածաշրջանային տնօրենի տեղեկալ Շրեյա Բասուն, «ԲԿԳ-Հայաստան» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, «ԲԿԳ Արևելյան գործընկերության» ծրագրի հայաստանյան փորձագետ Անի Հարությունյանը:


Նշվել է, որ քաղաքային իշխանությունը կարևորում է բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին, նաև որոշումների ընդունման փուլին:
Կողմերն ընդգծել են, որ տեղային բաց կառավարման գործողությունների ծրագիրը կնպաստի համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:


«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն ստեղծում է կարևոր երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև, այլև ապահովում տարածաշրջանային հարցերի վերհանման և քննարկման գործընթաց՝ նախաձեռնության անդամ երկրների հետ: Ի դեպ, այսօր արդեն «Տեղային Բաց կառավարում» նախաձեռնությանն անդամակցում է 86 տեղային իշխանություն:

Լուսանկարներ