Քաղաքապետը հանդիպել է Քվեբեկի միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարի հետ

10.10.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հոկտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 96-րդ նիստին և ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քվեբեկի միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիերի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև վերջին տարիներին ձևավորված փոխգործակցությունն իսկապես եղել է արդյունավետ: Քաղաքապետն առանձնակի կարևորել է Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը ցուցաբերվող մշտական աջակցությունն ու ասոցիացիայի կողմից ֆինանսավորված ծրագրերը:

«Երևանի քաղաքապետարանը, 1998 թվականից լինելով Ֆրանկոֆոն ընտանիքի անդամ, մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությանը։ Այդ շրջանակում իրականացվել են բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր։ Ողջունում եմ Երևանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 96-րդ նիստի և ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը և պետք է նշեմ, որ Երևանի համար նման հեղինակավոր համաժողով հյուրընկալելը պատիվ է, և լիահույս եմ, որ այն նոր մակարդակի կբարձրացնի անդամ երկրների միջև հարաբերություններն ու կամրապնդի կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,- ընդգծել է քաղաքապետը ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի և քաջալերող խոսքերի համար` Քվեբեկի միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիերն իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված փոխգործակցությունը` նշելով, որ այն արդյունավետ է, հաջողված ու հեռանկարային:
«Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համար, ինչում մենք բազմիցս ենք համոզվել: Երևանում իրականացվող ծրագրերին Ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունն ու հետևողականությունը հնարավորություն են տալիս մեր նախաձեռնությունների հաջող իրականացմանը: Մենք ևս պատրաստակամ ենք, պարոն քաղաքապետ, շարունակելու փոխգործակցությունը և ընդլայնելու գործակցության շրջանակները»,- նշել է Քրիստին Սան Պիերը:
Այնուհետ Քրիստին Սան Պիերը Երևանի քաղաքապետին է հանձնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Քվեբեկի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար Միշել Բոնսենի ստորագրությամբ Ազգային ժողովի կողմից 2015թ. ապրիլի 23-ին միաձայն ընդունված բանաձևն առ այն, որ Քվեբեկի «Ազգային ժողովը նշում է Հայոց եղեռնի՝ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի 100-ամյակը»: Բանաձևում նաև նշված է, որ այն ուղղված է հարգանքի տուրք մատուցելու բազմահազար զոհերի հիշատակին և Եղեռնից փրկվածների ժառանգներին, ինչպես նաև միահամուռ փոխանցելու բոլոր քվեբեկցիների երախտիքն ու կարեկցանքը ողջ հայությանը:
Շնորհակալություն հայտնելով միաձայն ընդունված բանաձևի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է իր և բոլոր երևանցիների անկեղծ երախտիքը փոխանցել Քվեբեկի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Քվեբեկի ողջ բնակչությանը՝ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած ճշմարիտ բարեկամական վերաբերմունքի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ