Քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին այս տարի մասնակցել է շուրջ 800 աշակերտ

26.11.2022
Կրթություն

Կրթական-ճանաչողական ծրագրի այս տարվա վերջին կանգառը քաղաքային ջերմատունն է: Հյուրերը Երևանի հ. 39 և 157 հիմնական դպրոցների աշակերտներն են:

Նրանց առաջինը դիմավորում և ուղեկցում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ:

«Այս տարի հանրակրթության վարչության հետ սկսեցինք մի նոր ծրագիր, որով դպրոցների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներն այցելում են պատմամշակութային կենտրոններ, թանգարաններ, նաև համայնքային հիմնարկներ, օրինակ՝ քաղաքային տնկարան, որտեղ ծանոթանում են քաղաքի կանաչապատման աշխատանքներին: Վստահ ենք, որ այցի ընթացքում երեխաները ձեռք են բերում նոր գիտելիքներ: Ծրագիրը լինելու է շարունակական նաև հաջորդ տարի: Ծախսերն ամբողջությամբ հոգում է համայնքը» ,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:

«Այս տարի շուրջ 40 դպրոցի 800 աշակերտ է օգտվել ծրագրից և մասնակցել ճանաչողական այցերին, որոնք այսօր արդեն դարձել են կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ» ,-նշում է Մարգարիտ Խաչատրյանը:

Քաղաքային ջերմատանը երեխաները ծանոթացան Երևանում տնկվող ծառերի ու բույսերի աճեցմանն ու խնամքին: Նրանք մասնակցեցին նաև տնկարանի աշխատանքներին:

Աշակերտները շրջեցին նաև տնկարանի բաց տարածքում, հետաքրքրվեցին այստեղ նախատեսվող նոր էկոպարկով:

Քաղաքի ջերմոցային տնտեսությունից երեխաները ձեռնունայն չհեռացան: Դպրոցին փոխանցվող արծաթափայլ եղևնին ու բույսերը խոստացան խնամել ու հոգ տանել:

Դպրոցականների այցերը կազմակերպվում են զբոսաշրջային երկհարկանի ավոտբուսներով: Այդպես երեխաները հնարավորություն են ունենում զուգահեռ ծանոթանալ քաղաքի պատմամշակութային հուշարձաններին:

Տեսանյութ

Քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին այս տարի մասնակցել է շուրջ 800 աշակերտ