Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք ոլորտների ներկայացուցիչների

11.10.2015

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված` տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության համակարգում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար Եվրոպական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչումը: Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի և բեղուն գործունեության համար Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վազգեն Ասատրյանն էլ արժանացել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչմանը: 

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական երկարամյա գործունեության համար «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչումը շնորհվել է «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, վաստակավոր մարզիչ Գեղամ Պետրոսյանին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին՝ սոցիալական ապահովության ոլորտում տարվող աշխատանքներում ձեռք բերած ակնառու հաջողությունների և պետական-հասարակական անբասիր գործունեության համար շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող» կոչումը:
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և նշանակալի գործունեության համար «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումն էլ շնորհվել է «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ, շինարար Վլադ Ասատրյանին: Մանկավարժական բեղուն գործունեություն ծավալելու և երկարամյա անբասիր աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» կոչումը շնորհվել է երկարամյա մանկավարժ, թոշակառու Էդվարդ Մինասյանին:
ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ու ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության և օպերատիվ պլանավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գագիկ Հարությունյանն արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչմանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` պատվավոր կոչումների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել իրենց աշխատանքն ու կրկնակի եռանդով իրենց լուման ներդնել Երևանի զարգացման գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին