Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թավրիզի պատվիրակության հետ
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքի քաղաքապետի տեղակալ Էթեմադ Էմադիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է Երևանը, քաղաքի օրվան նվիրված միջոցառումներն ու տոնի շրջանակում իրականացվող սոցիալական ծրագրերը` ընդգծելով, որ արվել է հնարավորը` տոնը քաղաքի բնակիչների և հազարավոր հյուրերի համար իսկական տոնախմբության վերածելու համար:
«Յուրաքանչյուր տարի տոնի միջոցով մենք փորձում ենք նորովի ներկայացնել մեր 2797-ամյա մայրաքաղաքը ինչպես Երևանի բնակիչներին, այնպես էլ հազարավոր հյուրերին: Համոզված եմ, որ մեր ջերմ ու բարի քաղաքի տոնը ձեզ ևս կփոխանցի այն հրաշալի տրամադրությունը, որն ամեն անգամ տոնակատարության օրերին առկա է մեր քաղաքում: Մաղթում եմ, որ այս օրերին լիարժեք վայելեք 2797-ամյա Երևանի ջերմությունն ու հյուրընկալությունը»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար` Թավրիզ քաղաքի քաղաքապետի տեղակալ Էթեմադ Էմադին իր հերթին շնորհավորել է Երևանի քաղաքապետին ու երևանցիներին՝ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ: Նա նաև նշել է, որ տոնական շունչը, որն առկա է Երևանի փողոցներում, արդեն իսկ վկայում է, որ տոնի հանդեպ մոտեցումը յուրահատուկ է և արվել է ամեն ինչ, որպեսզի քաղաքն իսկապես լինի տոնական, իսկ քաղաքի բնակիչներն ու հյուրերն էլ իրենց զգան տոնի անմիջական մասնակիցը:
«Մեզ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում և Ձեզ հետ միասին տոնել մշակութային հարուստ ավանդույթներ ու 2797 տարվա պատմություն ունեցող քաղաքի օրը: Պետք է խոստովանեմ, որ հիացած ենք Երևանի տոնական տեսքով ու մթնոլորտով, և վստահ եմ, որ մենք հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու»,- նշել է Էթեմադ Էմադին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն