Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստավրոպոլի գործընկերոջ հետ

09.10.2015

Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և համոզմունք է հայտնել, որ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող տոնակատարության ջերմությունը կփոխանցվի նաև քաղաքի բոլոր հյուրերին ու նրանք ևս կդառնան տոնի անմիջական մասնակիցը: Անդրադառնալով երկու քաղաքների միջև ձևավորված գործակցությանը` Տարոն Մարգարյանը նկատել է, որ գործընկերոջ այցը ևս մեկ խթան կդառնա երկու քաղաքների միջև առկա գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում:
«Անշուշտ, նմանատիպ միջոցառումները յուրօրինակ հարթակ են նաև երկուստեք հարաբերությունների էլ ավելի ընդլայնման ու ամրապնդման համար: Երևանի և Ստավրոպոլի միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն, իհարկե, հաջողված են, և համոզված եմ, որ առաջիկայում այն առավել ընդգրկուն ու առարկայական կդառնա»,- նշել է քաղաքապետը:
Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն իր հերթին նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նաև ընդգծել, որ այս առիթն իրոք ևս մեկ հրաշալի հնարավորություն է երկուստեք փոխգործակցությունն առավել ամրապնդելու համար:
«Երևանի ծննդյան տարեդարձի օրը, պարոն քաղաքապետ, մենք համարում ենք նաև մեր տոնը: Սա այն օրերից մեկն է, որ համախմբում է ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլև գործընկեր քաղաքներին, որոնք Երևանին իսկապես իրենց վստահելի գործընկերն են համարում: Համոզված եմ, որ այս տարի ևս տոնակատարությունը կառանձնանա իր ծրագրերով ու միջոցառումներով և մենք կվայելենք Երևանի ջերմությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առումով էլ մենք իսկապես մեծ ներուժ ունենք, և համոզված եմ, որ կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն կետերը, որ նախանշել ենք համաձայնագրով»,- նշել է Գեորգի Կոլյագինը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ