Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ մարզերից և ԼՂՀ շրջաններից հյուրընկալված փոքրիկների հետ

11.10.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու համայն հայության մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Նրանց տեղափոխման և տոնին լիարժեքորեն մասնակցելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովել են Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: 

Համաքաղաքացիների հետ տոնական օրն անցկացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Կիրովի անվան մանկական զբոսայգի, որտեղ և հանդիպել է մայրաքաղաքի տոնը նշող փոքրիկ հյուրերի հետ: Իրենց տպավորությունները հայտնելով քաղաքապետին՝ փոքրիկները նշել են, որ մեծ ոգևորությամբ են մասնակցում սիրելի մայրաքաղաքի տոնական միջոցառումներին և Երևանից իրենց հետ կտանեն անմոռանալի հիշողություններ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում Երևանի քաղաքապետը վստահեցրել է նրանց, որ նման սպասված ու հաճելի անակնկալները լինելու են շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ