Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

16.12.2022
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և նախաձեռնված ծրագրերի համար: Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում կառուցվածքային բարեփոխումները՝ ընդգծելով, որ դեսպանատան աջակցությամբ և փորձագետների ներգրավմամբ Երևանն ունի կայացած բնագավառ, որն օրինակելի է Հայաստանի մյուս համայնքների համար:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական, և դեսպանատունը կշարունակի աջակցել համայնքին՝ տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրեր կյանքի կոչելու գործում: Դեսպանը ևս կարևորել է մնայուն նախագծերի իրագործումը և նշել, որ միայն այդ կերպ է հնարավոր դառնում լուծումներ տալ համակարգային խնդիրներին:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին՝ հետագա առաքելության մեջ:

Լուսանկարներ