Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար

24.04.2017

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ:
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունն իրագործելու համար՝ Դավիթ Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ խաչքարի տեղադրումը կնպաստի երկու քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նշենք, որ խաչքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ