Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի

17.09.2025

Հրազդանի կիրճում՝ մոտ 3480 քմ տարածքի վրա կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի: Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ ծանոթացել է նախագծին: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակ: Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը: Նախագծի նպատակն է հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա՝ ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում: Հանգստի գոտու նախագիծն արվել է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի կողմից: 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել են նաև Հրազդանի կիրճում հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող մարզական գոտի, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ծրագիրն իրականացրել է Կենտրոն վարչական շրջանը «Eve capital»-ի հետ գործակցությամբ: Այստեղ մարզվող երևանցիների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ. բարեկարգվել է լողավազանը, կառուցվել են հանդերձարաններ, վերանորոգվել են մարզասարքերը: Մարզական գոտին պատվել է ռետինե ծածկույթով:
Կիրճում իրականացված ու նախատեսվող ծրագրերն իրենց հերթին կնպաստեն մարզական կյանքի ակտիվացմանը Երևան քաղաքում: 
 

Տեսանյութ

Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի