Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզը

19.06.2023
Կրթություն

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվել ու վերաբացվել է Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզը: 
Նորոգման աշխատանքներն ընդգրկել են  նկուղից մինչև տանիք: Շենքը նաև ամբողջությամբ ջերմամեկուսացվել է։ Մանկապարտեզում անցկացվել է օդափոխության համակարգ, տեղադրվել էներգախնայող լուսատուներ։ Հիմնանորոգման շնորհիվ ավելացել են նաև խմբասենյակները.  նախկին 220 երեխայի փոխարեն մանկապարտեզ կհաճախի 280 փոքրիկ: 
Երեխաների հետ շրջել ու նոր պայմաններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Բացմանը ներկա էին նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ու շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:
«Մենք առաջնորդվում ենք եվրոպական չափորոշիչներով և ամենաբարենպաստ պայմաններն ենք ստեղծում երեխաների խնամքն ու կրթությունն ապահովելու համար: Վստահ եմ, որ 2025 թվականի ավարտին հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզ Երևանում չենք ունենա: Նախագծերում ներառում ենք նաև բակերի նորոգումը: Այս աշխատանքներն, անշուշտ, նպաստում են նաև հերթերի նվազեցմանը»,- նշել է Ավինյանը:
Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ամբողջությամբ հիմնանորոգված 22 մանկապարտեզ: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին