Հիմնանորոգումից հետո «Մալաթիա» պուրակը հանձնվել է շահագործման
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Մալաթիա» պուրակը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է վերակառուցված այգում ու գնահատել կատարված աշխատանքը: Իրենց գոհունակությունը հայտնելով ծրագրի կյանքի կոչման համար՝ բնակիչներն ընդգծել են, որ այգիների բարեկարգման ու կառուցման ծրագրերն իրապես կարևոր են, և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Բարեկարգման ծրագրի շրջանակում 1.7 հա մակերեսով նախկինում կիսաբարեկարգ ու անխնամ տարածքի փոխարեն բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հանգստի գոտում տեղադրվել են զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ ու մանկական խաղեր: Կառուցվել են նոր արահետներ, աստիճաններ, անցկացվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ: Հաշվի առնելով պուրակի թեք ռելիեֆը՝ ծրագրի շրջանակում կառուցվել են նաև նոր հենապատեր, ինչպես նաև նորոգվել են առկա հենապատերի վթարային հատվածները: Բնակչության սակավաշարժ խմբերի մուտքն այգի մատչելի դաձնելու նպատակով էլ հանգստի գոտու 9 մուտքերից 5-ն ապահովվել են թեքահարթակներով: «Վերակառուցման նախագիծը կազմելիս որպես պարտադիր պայման դրվել էր հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար նույնպես պուրակը մատչելի դարձնելը, որի արդյունքում պուրակի 9 մուտքերից 5-ը ամբողջությամբ հարմարեցված են: Բացի այդ, արահետները նույնպես կահավորված են թեքահարթակներով և, ընդհանրապես, մեր կողմից որպես պարտադիր պայման է դրված քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս հատուկ ուշադրություն դարձնել մատչելիության ապահովմանը: Նաև հիմնանորոգման ծրագրեր իրականացնելիս ենք աշխատում հնարավորության դեպքում վերացնել դեռ խորհրդային տարիների կառուցապատման այդ բացը և հանրային նշանակության շենքերի մուտքերը նույնպես ապահովել թեքահարթակներով: Արդեն երկրորդ տարին է, որ մենք, համագործակցելով ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, զգալի աշխատանքներ ենք իրականացրել մայրաքաղաքի փողոցների մայթերը նույնպես մատչելի դարձնելու ուղղությամբ: Անելիքներ, իհարկե, դեռ ունենք և շարունակաբար պետք է իրականություն դարձնենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է բոլորի համար իսկապես մատչելի քաղաք ունենալու համար», - նշել է քաղաքապետը:
Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է գործընկեր կառույցների մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին. «Վերջին տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր այն վայրերում որտեղ հնարավոր է ձևավորել անտառպուրակներ, բակային տարածքներ ու այգիներ, մենք իրականացրել ու իրականացնում ենք այս աշխատանքերը: Բացի այդ, հետևողականորեն կյանքի ենք կոչում նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այգիների ու պուրակների վերակառուցման ծրագիրը, որը ևս անչափ կարևոր է: Այսօր մենք երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը, որը կառուցվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում: Շնորհակալ եմ մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մեծ սիրով են միացել քաղաքապետարանի ծրագրերին և իրենց լուման են ներդնում Երևանն ավելի բարեկարգ, գեղեցիկ և հարմարավետ դարձնելու գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով հաջողված ու արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է: Քաղաքապետն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այգում եղևնի են տնկել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն