Հերթական աջակցությունը հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիներին
Երևանի և Ֆրանսիայի Մարսել քաղաքի միջև հաստատված համագործակցության շնորհիվ քույր քաղաք Մարսելից Երևանի քաղաքապետարան են ուղարկվել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 180 անվասայլակներ, բժշկական սարքավորումներ՝ նեգատոսկոպի մոնիտոր, արյան անալիզի սարք, գրքեր և այլն։ Երևանի քաղաքապետարանի բակում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը անվասայլակներից 180-ը հանձնել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությանը: Եվս 15 անվասայլակ ու բժշկական սարքավորումները նախատեսված են քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի համար։ Գրքերը հանձնվում են Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին։
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադարձել է նաև Երևանի հարմարավետությանը, ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ծրագրերը առաջնայիններից են։
«Նախորդ տարի, Երևանի քաղաքապետի առաջարկով, առաջին անգամ Երևան համայնքի բյուջեով ֆինանսավորվեց թեքահարթակների կառուցումը։ Քաղաքապետարանն անմիջապես առաջարկեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությանը և հասարակական այլ կազմակերպութունների՝ համագործակցել այս ծրագրում, որպեսզի այդ հարմարությունները կարողանանք կառուցել այնպես, որ շահառուներին իրոք հարմարավետ լինի։ Այս տարի բյուջերից հատկացումը կրկնապատկվեց. 40 մլն դրամ է տրամադրվել թեքահարթակների կառուցմանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի նաև մասնավոր հատվածի հետ ենք համագործակցում։ Արդեն 171 մասնավոր ընկերություններ իրենց գործուներության օբյեկտների մուտքերը կահավորել են թեքահարթակներով կամ վերացրել են նախկինների թերությունները։ Եվ այսպես, այս տարի, ընդհանուր առմամբ, 500–ից ավելի նոր թեքահարթակներ են կառուցվելու Երևանում, ներառած նաև փողոցների հիմնանորոգման ծրագրերով կառուցվողները։ Նշեմ նաև, որ 2014թ. արդեն նախատեսել ենք 10 ավտոբուս կահավորել հատուկ վերելակներով»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Քաղաքապետարանի առաջարկած ու հետևողականորեն իրականացվող ծրագրերն արդեն գոհացնում են շահառուներին, ովքեր այդ ծրագրերում քաղաքապետարանի խորհրդատու գործընկերներն են։ Հաշմանդամների «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը վերջին տարիներին շատ մեծ կարևորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և խնդիրների լուծմանը։
«Կոնկրետ խնդիրներին տրվում են կոնկրետ և բավականին արագ լուծումներ։ Կոչ կանեի, որ Երևանի դրական փորձն օրինակ դառնա և մեր այլ քաղաքներում էլ ներդրվի։ Հատկապես ողջունելի է Երևանի ավագանու վերջին որոշումը՝ ավտոկայանատեղերի տուրքից ազատելու, տեղեր հատկացնելու վերաբերյալ։ Շատ լավ գործընթաց կա թեքահարթակներ կառուցելու առումով. Դրանք արդեն իդեալական են, մի քանի տեղերում մոտ են իդեալականին։ Ասում են՝ ասողին լսող է պետք, և հիմա մեզ լսում են։ Քաղաքապետարանի հետ համագործակցում ենք այդ ծրագրերում, դիտարկում ենք անում և հենց քաղաքապետի նախաձեռնությամբ, ու, թերևս, նաև այդ պատճառով հիմա ունենք ոչ թե ձևական, այլ իդեալական կառուցված թեքահարթակներ։ Երևանը դառնում է մատչելի քաղաք բոլորի համար։ Ուզում եմ նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպության անունից շնորհակալություն հայտնել անձամբ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև Երևանի ագանուն՝ նաև վերջին որոշման համար, որով Էրեբունի վարչական շրջանում մեզ տրամադրվել է տարածք, ինչի շնորհիվ, առնվազն, 10 հաշմանդամ աշխատանք կունենա»,- նշել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և հավելել, որ անգամ քույր քաղաքների հետ համագործակցության ծրագրերով է քաղաքապետարանը օգտակար ծրագրեր իրականացնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։
Գործընկեր Մարսելից Երևան է եկել նաև գրքերի մեծ խմբաքանակ, որը հանձնվելու է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն