Հեպատիտ Ց-ի անվճար հետազոտում, բուժում և կանխարգելում. մեկնարկել է առողջապահական նոր ծրագիր
Երևանի քաղաքապետարանը «Բժիշկներ՝ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ մեկնարկել է «Խնամքի պարզեցված մոդելի միջոցով որակյալ ծառայությունների հասանելիություն՝ Հեպատիտ Ց-ով բուժառուների համար» ծրագիրը: Այն ներդրվել է «Արշակունյաց պոլիկլինիկա»-ում, բացվել են առանձին բուժսենյակներ: Ծրագրով կազմակերպության կողմից կատարվել են վերանորոգման աշխատանքներ, որպես նվիրատվություն տրամադրվել են լաբորատոր-գործիքային սարքավորումներ, դեղամիջոցներ, պատվաստանյութեր, բժշկական պարագաներ և սպառվող նյութեր, բուժանձնակազմը վերապատրաստվել է օտարերկրյա մասնագետների կողմից:
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ծրագրի նպատակն է որակյալ ծառայությունները դարձնել հասանելի՝ ներառյալ հեպատիտ Ց-ի սքրինինգ, ախտորոշում, բուժում, հսկողություն և կանխարգելում:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը նշել է, որ նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել 10000 բուժառուի անվճար սքրինինգ և լաբորատոր գործիքային հետազոտություն: Հիվանդության հայտնաբերման դեպքում 400 ախտորոշված հիվանդ կստանա անվճար բուժում:
Հունիսից մեկնարկած ծրագրով արդեն իսկ հետազոտվել է 200 բուժառու, հայտնաբերվել 4 դեպք: