Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի ստեղծման նախագիծը
Կրթական էկո համակարգ՝ դպրոցականների համար. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հերթական նախագիծն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին: Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ STEAM (ԳՏՃԱՄ-Գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) կրթական միջավայրը կմիավորի տեխնոլոգիական կրթությունը, գիտությունը, արվեստը և ձեռներեցությունը՝ պատրաստելով ապագայի նորարարներին։ Կենտրոնը կունենա բնական գիտությունների, ծրագրային և ապարատային ճարտարագիտության, արհեստանոցների ու արվեստանոցների լաբորատորիաներ ու թվային սենյակներ: Գոռ Վարդանյանը նաև նշել է, որ STEAM կենտրոնը ոչ միայն կրթական նշանակություն ունի, այլև կարող է Երևանը դիրքավորել որպես բարձր տեխնոլոգիական և մարդկային ներուժի առաջնորդության հանգույց։
Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները զգալի դեր ունեն հատկապես դպրոցականների շրջանում՝ և՛ կրթական, և՛ սոցիալական, և՛ մշակութային տեսանկյունից։ Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է կանգնել նմանատիպ ցանկացած նախաձեռնության կողքին, որը նպաստում է ինչպես պատանիների կրթությանը, այնպես էլ ինքնազարգացմանը: