Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

16.12.2024

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա:

Երևանի թիվ 161 մսուր-մանկապարտեզն էլ հիմնանորոգումից հետո վերաբացվել է 10 խմբասենյակի հնարավորությամբ: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 200 երեխա:

Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզներում իրականացվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի վարկի (7 մլն եվրո), Արևելյան Եվրոպայի էներգաախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի (E5P) դրամաշնորհի (5 մլն եվրո), Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորման (2 մլն եվրո) և ՄԱԶԾ աջակցության (1 մլն եվրո) միջոցով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին