Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության այլ անդամները, բարձրաստիճան սպաների ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային խոհանոց, որտեղ պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը: Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է «Հաղթանակ» զբոսայգում, շնորհավորել վետերաններին, ովքեր իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ հոգածության ու ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն