«Հանրային տարածքները՝ հանրությանը. թենիսի «Արարատ» ակումբը կգործի վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
Համայնքին մատակարարվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, ևս երկուսը կհասնեն առաջիկա օրերին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 15-20 օրերի ընթացքում դրանք կհամալրեն երևանյան երթուղիները:
***
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից, իսկ ինչ վերաբերում է թենիսի «Արարատ» ակումբին, ապա այն կգործի մեկ այլ վայրում՝ վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով:
«Օղակաձև այգին փոքր կենտրոնի միակ կանաչ տարածքն է, և մեզ համար գերակայություն է կանաչ գոտու վերականգնումը: Խոսքն ընդհանուր հանրային շահի մասին է: Թենիսի ակումբը միանշանակ պետք է վերակառուցվի ու հասանելի լինի բոլորին, ուստի դիրքը կարևոր չէ, ակումբին տրվելու է տարածք և այն շարունակելու է գործել: Սա սոցիալական ծրագիր է. Երևանում որոշակի ընկերություն պատրաստ է սոցիալական պատասխանատվություն ստանձնել ու մեծ գումարներ ներդնել հանրային տարածքները վերականգնելու համար՝ որոշակի հասարակական տարածքներ ներառելով, որպեսզի կարողանա հանրային այդ տարածքների հետագա սպասարկումն իրականցնել»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:
***
Նախորդ տարի մայրաքաղաքում մեկնարկած կամուրջների հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի: 2024թ. նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը:
***
2023թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 24 բենզալցակայան: Զեկուցվել է, որ ուսումնասիրությունների համաձայն Երևանում գործող 242 բենզագազալցակայաններից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Հանձնարարվել է դրանց ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել:
«Սա պետք է ազդակ լինի այդ գործունեությունն իրականացնողների համար, ովքեր օր առաջ պետք է իրենց ուժերով ապամոնտաժեն այդ կառույցները: Քաղաքաշինական նորմերի խախտումներով բենզալցակայանների գործունեությունը Երևանում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում»,- շեշտել է քաղաքապետը:
***
Ընթացքում է Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու հիմնանորոգումը: Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր:
***
Թիվ 5, 12 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել:
***
Ավարտական փուլում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը: Հանգստի գոտին կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր՝ ջրավազաններով, շատրվանային համալիրով, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով ու նստարաններով:
***
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն: Նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կշրջանառվի: