Հանրային քննարկում՝ Երևանի 2025թ. բյուջեի, զարգացման և Բաց կառավարման գործընկերության ծրագրերի, տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերի և դրանց արտոնությունների վերաբերյալ
Երևանի 2025թ. բյուջեի և զարգացման տարեկան ծրագրի, Բաց կառավարման գործընկերության, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ:
Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանը շնորհակալություն է հայտնել հանրային քննարկման բոլոր մասնակիցներին՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և ակտիվություն ցուցաբերելու համար:
Քննարկմանը ներկա են եղել նաև վերոհիշյալ նախագծերը մշակող ստորաբաժանումների, ինչպես նաև ոլորտային առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ելակետային հարցադրումներ և առաջարկներ են հնչել նշված բոլոր նախագծերի վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին, հարցեր են հնչել նաև աղբահանությանն առնչվող աշխատանքների, բնապահպանական ծրագրերին և նախագծերին վերաբերող մի շարք այլ խնդիրների առնչությամբ, որոնց համապատասխան ոլորտային պատասխանատուները տվել են մանրամասն պարզաբանումներ:
Ներկայացված նախագծերի վերաբերյալ նաև էլեկտրոնային եղանակով ստացվել է ավելի քան 40 առաջարկ: