Հանձնարարվել է խստորեն վերահսկել վարչական արձանագրությունների կատարումը

16.02.2015

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 6 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 6 դեպք է հայտնաբերվել շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ գործընթացը պահելով մշտական խիստ հսկողության ներքո:

 

Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 89 արձանագրություն, որից 83-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել համատեղ ստուգայցերն ու խստորեն հետևել ինչպես այդ խախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, այնպես էլ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը բացառելուն:

 

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 69 դեպքի մասով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել կազմված արձանագրությունների կատարման ընթացքի նկատմամբ:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում 305 վարչական արձանագրություն է կազմվել այն քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աղբը թափել էին ոչ սահմանված վայրերում: Սակայն, վերլուծելով կազմված արձանագրություններն ու դրանց հիման վրա կատարված գանձումները, տեսնում ենք, որ այս ընթացքում ընդամենը 24 գանձում է կատարվել, ինչն ուղղակի անընդունելի է: Եղե´ք հետևողական և խիստ հսկողություն սահմանեք որոշումների կատարման ընթացքի նկատմամբ: Բազմիցս եմ նշել, որ տուգանումներն ինքնանպատակ չեն, մենք պետք է վերացնենք արատավոր այս երևույթը, ուստի աշխատանքները պետք է լինեն շարունակական այնքան ժամանակ, մինչև չունենանք ցանկալի արդյունք: Կատարված աշխատանքի վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ ներկայացրե՛ք մանրամասն հաշվետվություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 15 վարչական արձանագրություն:
«Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված էլ զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում նախորդ շաբաթ ստացվել է 221 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից լուծում տրվել կամ պատասխանվել է 184-ին, մնացածը կատարման ընթացքում են:

 

Մայրաքաղաքի ծաղկապատման 2015 թվականին նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծաղկապատման նպատակով կներկրվի 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Բացի այդ, ծաղիկներ են աճեցվում նաև քաղաքային ջերմատանն ու վարչական շրջանների ջերմոցային առանձին փոքր տնտեսություններում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած Երևան համայնքում գործող պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների կատարման պահանջները:

 

Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ մշակվել և պատրաստ է Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցության 2015թ. ծրագրի իրականացման, մասնավորապես, այցերի կազմակերպման ժամանակացույցը:
Երևանի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին քաղաքապետին զեկուցվել է, որ միջոցառումների հիմնական ծրագիրը հստակեցված է, և այն աշխատանքների կազմակերպման փուլում է: Միջոցառումներին ակտիվորեն կմասնակցեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունները: Քաղաքապետը հանձնարարել է բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն և մեկ անգամ ևս քննարկել կազմակերպչական բոլոր հարցերն ու առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հանձնարարվել է խստորեն վերահսկել վարչական արձանագրությունների կատարումը
Տեսնել ավելին