Համայնքային ծառայողների համար կմշակվեն վարքագծի կանոններ. բարեվարքության ինստիտուտի ներդրումը

01.02.2023

Հաշվի առնելով այն փաստը, որ գործառնվում է բարեվարքության ինստիտուտը, Երևանի քաղաքապետարանը, անմասն չմնալով գործընթացից, հանձն է առել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համայքնային ծառայողների համար մշակել վարքագծի կանոններ: Գործընթացն ապահովելու նպատակով դեռևս նախորդ տարի համայնքն անդամակցեց «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, մշակվեց 2023-2024թթ. գործողությունների ծրագիր: Նպատակը կառավարման առավել բաց, արդյունավետ և հաշվետու գործելաոճն է:
Ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը քննարկվել են ոլորտային խնդիրներն ու դրանք լուծելու հիմնական ուղիները: 
Համայնքային ծառայողների վարքագծի կանոնները մշակելու նպատակով առաջնահերթ փոփոխությունները կամրագրվեն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև կստեղծվի էթիկայի հանձնաժողով: Ըստ այդմ, մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գլխավոր մասնագետ-բարեվարքության հարցերով կազմակերպիչն արդեն իսկ կառաջնորդվի վերը նշված կանոններով: Այս խնդիրները լուծելու նպատակով քննարկումից հետո նախանշվեց գործողությունների շղթան, որը կմեկնարկի արդեն այս ամիս: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կանցնեն վերապատրաստման մի նոր՝ բարեվարքության դասընթաց: Առաջարկվել է նաև ստեղծել առանձին աշխատանքային խումբ, որը կվերահսկի ամբողջ գործընթացը: Նոր կանոնների ստեղծումը միտված կլինի նաև համայնքում կոռուպցիայի հնարավոր ռիսկերի նվազեցմանը: 
Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մարգարյանը, կարևորելով բարեվարքության ինստիտուտի դերը, ընդգծել է, որ համայնքն ունի շուրջ 1600 համայնքային ծառայող և յուրաքանչյուրն աշխատանքի ընդունվելիս պետք է գիտակցի այս պարտավորությունը: Համայնքային ծառայողների վարքագծի տիպային՝ օրինակելի կանոնների հաստատումից հետո կկազմակերպվի տեղեկատվական իրազեկում: 

Լուսանկարներ

Տեսնել ավելին