Համայնքային ենթակայության կրթօջախների տարվա լավագույն մասնագետներն արժանացել են պարգևների

27.12.2022
Կրթություն

Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար: Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին Ամանորին ընդառաջ  Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: 
«Կրթության ոլորտի հաջողումը երկրի զարգացման հիմնարար գերակայություններից է, նաև մարդկային ներուժի պահպանման և վերարտադրության կարևորագույն նախապայմանը: Եվ այսօր առիթ է ընձեռնվել մեր գնահատանքը բերելու մանկավարժական գործունեության ընթացքում լավագույն որակներով առանձնացած մեր գործընկերներին՝ հավատացած լինելով, որ սեփական ներուժն առավելագույնս իրացնող, գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական զարգացմանը պատրաստ, ժամանակների մարտահրավերներին արձագանքող, ստեղծագործ ու նորարար մանկավարժն է մեր հայրենիքի հուսալի ապագան կերտելու երաշխիքը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: 
Կարևորելով կրթության որակի բարձրացումը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նկատել է, որ մարդկային կապիտալի զարգացման նպատակով որոշակի ջանքեր գործադրվում են, բայց Հայաստանի նման երկրում այն տեմպերը, որոնցով շարժվում են, համեստ են:  
«Երկրի հաջողության գրավականն ուժեղ և գրագետ մարդն է. դա երբեք հանքերը չեն, դա երբեք նավթը չէ: Յուրաքանչյուր ոլորտում ինստիտուցիոնալ զարգացման համար շատ կարևոր է, որ մարդը լինի առողջ ու գրագետ, և որ ամենակարևորն է, մարդը ունենա այնպիսի արժեհամակարգ, որը հետագայում կփոխանցի նաև իր ժառանգներին: Դուք աշխատում եք այն տարիքի երեխաների հետ, որոնք սկսում են ձևավորել իրենց բնավորությունը, իրենց տեսակը: Ձեր աշխատանքն ու ներդրումը այդ երեխաներին որոշակի առումով լավ, հայրենիքի նվիրյալ ու մեր քաղաքը սիրող մարդ դարձնելն է: Վստահեցնում եմ, որ հիմնական՝ որակական, համակարգային փոփոխությունները դեռ առջևում են»,- ընդգծել է  Տիգրան Ավինյանը:      
Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են շնորհակալագրերով և «Եղիշե Չարենց - 125» ոսկե հուշադրամով:
 

Լուսանկարներ