Գյումրիում կայացել են Երևանի օրերը. արհեստների և արվեստների բնօրրանում ներկայացված է երևանյան մշակույթը

03.09.2022
Մշակույթ

Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Արհեստների և արվեստների բնօրրանում կայացել են Երևանի օրերը: Ծրագիրը հագեցած էր` համեմված երկու քաղաքների համատեղ նախաձեռնություններով: Բազմաթիվ հյուրերի հետ տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Ռուսթավելի փողոցից: Վարպետաց քաղաքի վերածված փողոցում ներկայացված էր գյումրվա մշակույթը: Շուրջ 30 տաղավարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու առաջարկն ուներ:

***

Գյումրու Աբովյան փողոցի ճեմուղին երևանյան հուշանվերներ արտադրող ընկերություններինն ու անհատ-վարպետներինն էր: Հուշանվերների «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ևս շուրջ 30 տաղավարում ներկայացված էին գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր:

***

Գյումրու գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է նաև Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան` ուր օրվա խորհրդին համահունչ երաժշտական ու թատերական բեմադրություն էր: Տոնական միջոցառումների մաս էին կազմում նաև ցուցահանդեսները: Արվեստասեր հասարակության դատին էին հանձնվել Լևոն Լաճիկյանի «Գյումրի և անդին» գծանկարների, ինչպես նաև «Գրիգոր Նալբանդ» խորագրերով ցուցահանդեսներն ու պատկերագրքի շնորհանդեսը:

***

Գյումրու «Անի» մանկական փողային նվագախումբն այսուհետ ելույթ կունենա բոլորովին նոր երաժշտական գործիքներով: Նախաձեռնությունը` Երևանի քաղաքապետարանինն է: Հանդիսավոր արարողության շրջանակում գյումրեցիներին ողջունել են Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները:

Մշակութային օջախի տաղանդաշատ երեխաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ` սերնդեսերունդ փոխանցվող գործիքներով: Պատասխանատուները նկատում են՝ նվիրատվությունը դրականորեն կանդրադառնա նվագախմբի ուսումնական գործընթացի վրա:

Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հյուրընկալության ու այն ջերմ մթնոլորտի համար, որով համակված է Գյումրին:

«Գյումրին մեր նվիրական հայրաքաղաքն է, մեր արհեստների և արվեստների բնօրրանը, առանց չափազանցության, հայկականության խարիսխը, որը սնուցում և ապրելու ուժ է տալիս յուրաքանչյուր հայի: Կրկնակի ուրախ եմ այսօր, որ Գյումրու օրվա և «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում մեր փոքր լուման ներդնելու հնարավորություն է ընձեռված: «Անի» փողային նվագախմբին այսօր Երևան համայնքը նվիրաբերում է երաժշտական գործիքներ, ինչի շնորհիվ գյումրեցի երեխաները, վստահ եմ, է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենան երաժշտության ասպարեզում: Մեր ծրագրերը շարունակական են լինելու, և համատեղ ջանքերով մենք կերտելու ենք մեր երազանքների երկիրը»,- ելույթի խոսքում նշել է Երևանի քաղաքապետը:

Գյումրվա մշակույթը, արվեստը, համն ու հոտը իրենց մեջ յուրահատուկ ձգողական ուժ ունեն: Երևանի օրերի շրջանակում Հայաստանի մշակութային մայրաքաղաքում գտնվող յուրաքանչյուր ոք զգաց ու վայելեց նաև արևային Երևանի ջերմությունն ու շունչը: