Գիտահետազոտական և կրթական ծրագրեր՝ «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոնում

20.02.2023
Առողջապահություն

«33 տարեկան եմ, մանկավարժ եմ, աշխատում եմ դպրոցում: Արդեն մոտ տասը տարի առիթմիա ունեմ: 11 շաբաթական հղիության ժամանակ վիճակս սրվեց, ուժեղ սրտխփոց կար, դժվարաշնչելիություն: Բոլոր բժիշկները հրաժարվում էին ինձ օգնելուց»,-պատմում է Փիրուզա Պետրոսյանը: 
Փիրուզայի սրտի աշխատանքը րոպեում ավելի քան 200 զարկ էր, կծկողականությունը՝ շուրջ 20 տոկոս: Դեղարայքային բուժումները նրան չէին օգնում: Իսկ ցանկացած միջամտություն վտանգավոր էր: Փիրուզան դիմում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: 
«Այստեղ առաջարկվեց լավագույն լուծումը՝ միջամտություն:  Առաջարկ կար նույնիսկ ընդհատել հղիությունը: Երկու դեպքում էլ մահվան ցուցումով էր կատարվելու: Ես ընտրեցի սրտի առիթմիայի ճշտումը, որ հնարավորություն ունենամ փրկել փոքրիկիս: Անհավանական հրաշք կատարվեց ու երազանքը, որ բալիկն առողջ ծնվի»: 
 «Առիթմիան վերացնելու համար կատարվեց հատուկ միջամտություն՝ հայտնաբերվեց օջախը, այրվեց և հենց վիրահատության ժամանակ այնքան սպասված ռիթմը կարգավորվեց: Այս պահին զարկը 70-80 է»,-նշում է  «Նորք-Մարաշ» ԲԿ միջամտական առիթմոլոգ Արմեն Խաչատրյանը:
Ամեն օր սրտանոթային խնդիրներով «Նորք-Մարաշ» են գալիս տասնյակ քաղաքացիներ: 1993թ. «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոցի» սրտային  բաժանմունքի հենքով բացված բուժկենտրոնն իր ծառայություններով միակն է երկրում: Այստեղ կատարվում է հիվանդների ախտորոշում, կանխարգելում և բուժում:
«Հրայր Հովագիմյանը 1993թ., հիմնելով այս ծառայությունը, արդեն նորամուծություն բերեց: Ներդրվեցին ամերիկյան չափորոշիչներ, ստացվեցին նոր արդյունքներ, որոնք շատ կարևոր էին»,-նշում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը:
Մեր օրերում առանձնացված են մեծահասակների, մանկական, առիթմոլոգիական, անոթային վիրաբուժության և սրտային վիրաբուժության կլինիկաները: Ինվազիվ սրտաբանությունը  ևս «Նորք Մարաշ» ԲԿ-ի կարևոր ձեռքբերումներից է: 
Տեխնիկապես վերազինված ու ժամանակակից  սարքավորումներով հագեցած բուժկենտրոնում տարեկան հարյուրավոր  միջամտություն են արվում, այդ թվում՝ բացառիկ վիրահատություններ: 
«Մեր կենտրոնը շարունակում է գիտությանը համահունչ քայլել: Կատարում ենք այնպիսի յուրահատուկ միջամտություններ, որոնք աշխարհի շատ կենտրոններում չեն էլ նախատեսվում»,-ասում է Արմեն Խաչատրյանը: 
«Վերջին 2-3 տարիներին 6000 հիվանդ է ստացիոնարում բուժում ստացել: Արդյոք հասե˚լ ենք գագաթնակետին, թե˚ դեռ նվաճման կետեր ունենք, իհարկե, ունենք: Եթե տարածքային խնդիր չունենայինք՝ գուցե կարողանայինք կրկնապատկել մեր գործունեության ծավալը»,-շեշտում է բուժկենտրոնի փոխտնօրեն Կարեն Խաչիյանը:  
Բժշկական կենտրոնը պարբերաբար հյուրընկալում է նաև մասնագետների արտերկրից, փոխանակում փորձը, կատարում համատեղ միջամտություններ: ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանի շուրջ համախմբված բժշկական անձնակազմը պարբերաբար համալրում են երիտասարդ մասնագետները: 
«Ոչ միայն մեր ամենօրյա աշխատանքով պետք է պարծենանք, այլև գիտական գործունեությամբ: Մեր գործընկերների հոդվածները տպագրվում են հայաստանյան և արտերկրի գիտական ամսագրերում»,-ասում է Միքայել Ադամյանը: 
Ժամանակակից բժշկության մոտեցումները նաև մեր երկրում կիրառելի դարձնելու համար Նորք-Մարաշի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում, մասնակցում միջազգային մասնագիտական համաժողովների ու սեմինարների: 
«Շարունակական կրթության համակարգը մեզանում հիմնադրվել է  վաղուց՝ Հրայր Հովագիմյանի կողմից, որով, ամենօրյա ծանր աշխատանքին զուգահեռ, նա սերունդներ է կրթել: Բժիշկն այն մասնագետն է, որը պետք է շարունակական կրթություն ստանա: Տարիների հետ ինչքան գիտելիք ես ձեռք բերում՝ զգացողություն կա, որ ավելին է պետք»,-նշում է սրտաբան Արմինե Թորոսյանը:
Շուրջ 3 տասնամյակի ընթացքում միայն վիրաբուժությամբ ավելի քան 10 հազար կյանք փրկած «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը ոչ միայն բուժծառայություններ է մատուցում, այլև եռանդով  գիտահետազոտական գործունեություն է ծավալում: 
«Առօրյա կլինիկական աշխատանքները կատարելուց բացի բժշկական կենտրոնը նաև խիստ կարևորում է գիտահետազոտական աշխատանքները,  քանի որ լավ պատեկարցնում ենք, որ անհնարին է զբաղվել ապացուցահեն բժշկությամբ՝ առանց տեղյակ լինելու ժամանակակից գիտության նվաճումներին և դրան մասնակցելու: Կատարում ենք բազմաթիվ հետազոտություններ՝ հիմքում ունենալով մեր հիվանդների պատմությունը, որոնց թիվն ավելի քան 100 հազար է: Վերջին տարիներին ունեցել ենք բազմաթիվ գիտական հոդվածներ, հրապարակումներ, որոնց մեջ մտել են թե՛ մեր հիվանդների դեպքերը, թե՛ եզակի կլինիկական դեպքեր»,-ասում է ԲԿ-ի առիթմոլոգիայի ծառայության ղեկավար Տաթևիկ Հովակիմյանը:
«Մեր արդյունքները, լինելով տարածաշրջանում առաջատարի ձեռքբերում, կարիք ունեին գրելու: Բազմաթիվ գիտական հոդվածներ ունեինք հենց մեր աշխատանքի առիթով տպագրված: Ունենք գիտությունների թեկնածուներ, նաև կարևոր են ամենօրյա աշխատանքով ստեղծված գիտական աշխատանքները, որոնք տպագրվում են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում»,-ընդգծում է Միքայել Ադամյանը: 
 «Նորք-Մարաշ»-ն Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտային նեղ մասնագիտությունների հենքն է և դպրոց՝ նոր սերնդի բժիշկների համար:
 «Այս տարիների ընթացքում ավելի քան 40 օրդինատորներ են ավարտել, որոնք աշխատում են նաև այլ երկրներում: Հիմա փորձում ենք պատրաստել մասնագետներ նաև շրջկենտրոնների համար»,-ասում մանկական սրտաբանական ծառայության ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը:
«Ամերիկյան համալսարանի հետ ունենք հուշագիր, ըստ որի, ուսանողները պարբերաբար իրենց նախագծերն են ներկայացնում և օգուտ բերում նաև Նորք-Մարաշին»,- հավելում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մեծահասակների ստացիոնար բաժանմունքի ղեկավարի պաշտոնակատար, սրտաբան Քրիստինե Պողոսյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Նորք-Մարաշ» բուժկենտրոնում ձևավորվել է նաև նոր ավանդույթ՝ «Պացիենտի դպրոց»: Ամեն շաբաթ հանդիպում է կազմակերպվում բուժկենտրոն այցելած քաղաքացիների հետ: Սա հիվանդությունների կանխարգելման ու առողջության պահպանման կարևոր նախագիծ է, որի շնորհիվ քաղաքացիները ձեռք են բերում առաջնային գիտելիքներ: Մասնագետները վստահ են, որ բարձրացնելով քաղաքացիների բժշկական գրագիտության մակարդակը՝ հնարավոր է փրկել նաև մարդկային կյանքեր: 
«Առողջ հասարակության վաղվա գրավականը կրթվող սերունդներն են, ինչով էլ զբաղվում է կենտրոնը»,-եզրափակում է Միքայել Ադամյանը:
 

Տեսանյութ

Գիտահետազոտական և կրթական ծրագրեր՝ «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոնում
Տեսնել ավելին