GIS միասնական համակարգը կբարձրացնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը

14.05.2024
ՏՏ ոլորտ

Գործառույթների ավտոմատացման միջոցով խնայելով ռեսուրսները և քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ. Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը:  Էլեկտրոնային քարտեզն էապես կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Այն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։
Նախկինում քաղաքային տնտեսության մեջ կիրառվում էին տարբեր գործիքներ՝ այդ թվում google և yandex: Այսօր հարթակում, առցանց ռեժիմով, հավաքագրվում են տարբեր կառույցներից ու տվիչներից ստացված տվյալները՝ անգամ օդի աղտոտվածության ցուցիչները: 
«Սիթի թվին» կամ քաղաքի էլեկտրոնայի կրկնօրինակ. սա Երևանի միասնական հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է: Անօդաչու թռչող սարքից արված լուսանկարները թույլ են տալիս ստանալ ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, իսկ տիեզերանկարների համադրմամբ՝ տեսնել քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում: Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ աղբահանության: Հարթակի շնորհիվ հեշտությամբ կարելի է տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու: 
Իրական ժամանակում հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։ Նախատեսվում է ունենալ քաղաքային երթևեկության և լուսացույցների առցանց տվյալները։ 
Բնապահպանության ու հատկապես կանաչապատման ոլորտում GIS -ը կիրառվելու է կանաչ տարածքների քարտեզագրման, պլանավորման, ոռոգման ցանցի կառուցման, մոնիթորինգի և այլ գործառույթներում: 
Շարունակելով թվայնացնել քաղաքային տնտեսության ճյուղերը՝ քաղաքապետարանի նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:


 

Տեսանյութ

GIS միասնական համակարգը կբարձրացնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը