Գաղափարների գիշեր 2020. բնապահպանական խնդիրների քննարկում` քաղաքապետարանում
Շրջակա միջավայրի՝ կենդանի բնության և կենսաբազմազանության պաշտպանության թեման 2020 թվականին առանցքային կլինի ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս պաշտպանել բնությունը: Ի՞նչ ծրագրեր են այդ նպատակով իրականացվում աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: «Գաղափարների գիշեր 2020» միջոցառումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն այս տարի անցկացրել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Բացմանը մասնակցել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեն, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, միջազգային և տեղական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Ծրագիրը նախաձեռնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը 2016 թվականից՝ նշելու գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությունը: 2019-ին միջոցառումը համախմբել էր 200000 մարդ Ֆրանսիայում և աշխարհի 65 երկրներում, այդ թվում առաջին անգամ՝ Հայաստանում:
Հրաչյա Սարգսյանը ողջույնի իր խոսքում, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը:
«Այս միջոցառումը լավ հարթակ կհանդիսանա բնապահպանության թեմաներով փորձի փոխանակման և քննարկումների համար: Շրջակա միջավայրի պաշտպանությունն ու վտանգավոր թափոնների կառավարումը այն մարտահրավերներն են, որոնց լուծման ուղղությամբ Երևան համայնքն իրականացնում է հետևողական քաղաքականություն: Ընդամենն օրեր առաջ ԵՄ հետ ստորագրվեց վտանգավոր թափոնների կառավարման շուրջ փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կտա ներդնել նոր ու արդյունավետ համակարգ: Բացի այդ, քաղաքապետարանն այսօր ունի մի շարք ծրագրեր՝ ուղղված էներգախնայողության բարձրացմանը, թափոնների տեսակավորմանը»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:
«Սա առանձնահատուկ միջոցառում է, որի նպատակն է միավորել ստեղծարար մարդկանց՝ մտքերի և գաղափարների փոխանակման շնորհիվ միասին գտնելու մեր ժամանակների մարտահրավերների լուծումները: «Գաղափարների գիշերն» այս տարի անցկացվում է աշխարհի 187 քաղաքներում: Ուրախ եմ, որ Երևանում այն անցկացվում է քաղաքապետարանի հարկի ներքո, ինչի համար պետք է շնորհակալությունս հայտնեմ պարոն քաղաքապետին»,-ասել է Կլեր Լը Ֆլեշեն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է բնապահպանական խնդիրների քննարկում, ներկայացվել են Հայաստանում հաջողված նախագծերը, այդ թվում՝ «էկո աղբ» ՀԿ-ի և քաղաքապետարանի համագործակցությունը աղբի տեսակավորման նախաձեռնության բնագավառում:
«Գաղափարների գիշեր 2020»-ի մասնակիցները մտքեր են փոխանակել և առաջ քաշել նոր գաղափարներ, որոնք առաջիկայում հնարավոր է նաև վերածվեն ծրագրերի:
Մինչ ուշ երեկո շարունակված միջոցառման ընթացքում ցուցադրվել է բնապահպանական թեմայով տեսաֆիլմ, ներկայացվել «60 լուծում՝ կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար» լուսանկարների ցուցահանդեսը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն էլ ստեղծագործել են տեղում՝ օգտագործելով նաև պոլիէթիլենն ու պլաստիկը: Իսկ Մնջախաղի պետական թատրոնի արտիստներն իրենց խաղով են ընդգծել բնության պահպանության կարևորությունը: