Երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Terra Lyon 2016` Երկրի հողային ճարտարապետություն» թեմայով XII համաշխարհային կոնգրեսին
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել «Terra Lyon 2016` Երկրի հողային ճարտարապետություն» թեմայով XII Համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին 80 երկրների շուրջ 800 մասնագետներ։ Հայաստանի Հանրապետությունը կոնգրեսում ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության բաժնի պետ Նարեկ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Երևանի և Լիոնի համագործակցության ծրագրի շրջանակում «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկել է Երևան քաղաքի զարգացմանն ուղղված քաղաքաշինական ոլորտի որոշ ծրագրերի համատեղ մշակման հետագա գործողություններին առնչվող հարցեր։
Կոնֆերանսի օրերին Երևան և Լիոն քաղաքների համագործակցության համատեքստում Լիոնի քաղաքապետարանը երևանյան պատվիրակության պատվին «Հայաստանը Terra Lyon 2016-ում պատվավոր հյուր» խորագրով պաշտոնական ընդունելություն է նաև կազմակերպել, որին մասնակցել են կոնգրեսի կազմակերպիչներն ու Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչները։
Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլիայի գրավմանը նվիրված զորահանդեսին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն