«Երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ».  քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ

30.11.2023
Կրթություն

70-ական թվականներին հիմնադրված Երևանի թիվ 109 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 170 փոքրիկների համար: 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ` այստեղ իրականացվել են նաև սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: 
Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից: Թիվ 109 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 430 մլն ՀՀ դրամ:
Գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում առաջիկա տարիներին ևս համայնքային մի շարք մանկապարտեզներ, արդեն նաև պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: 
Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ 2023թ.-ին Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով ընդհանուր առմամբ հիմնանորոգված շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ: Քաղաքային իշխանության մոտեցումն այս հարցում հստակ է. երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ:    

Տեսանյութ

«Երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ».  քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ