Երևանցի լավագույն մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են

25.12.2023
Սպորտ

Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը տարեվերջին խրախուսում է տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: 
2023թ.  աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են և արժանացել 3 մլն ՀՀ դրամի խրախուսական հավաստագրի: Մեկական միլիոն դրամի էլ արժանացել են մարզիչները:
Քաղաքապետարանում նրանց հյուրընկալել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը: 
Յոթ մարզաձևերում՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, հրաձգություն, բռնցքամարտ և սամբո, պարգևատրվել և խրախուսվել են նաև Երևանի առաջատար երիտասարդ 10 մարզիկները: 
Մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմել է 50 մլն ՀՀ դրամ: 
Շնորհավորելով մարզիկներին՝ քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարիներին հաջողությունները միայն ավելանալու են. «Արդեն երրորդ անգամ է, ինչ հավաքվում ենք քաղաքապետարանի հարկի ներքո՝ ամփոփելով տարվա արդյունքները: Երևանի քաղաքապետարանը, հետևելով կառավարության օրինակին, անցյալ տարի առաջին անգամ պարգևատրեց տարվա 10 լավագույն մարզիկներին: Կարծում եմ՝ դա կարևոր գնահատանք է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեր կատարած աշխատանքի և ձեռքբերումների համար:   Դուք ոչ միայն մեր երկրի պատիվն եք բարձր պահում միջազգային մրցաշարերում, այլև օրինակ եք ծառայում երիտասարդությանը: 
Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ակտիվորեն ներդրումներ է իրականացնում մարզական ենթակառուցվածքների զարգացման համար և, վստահ եմ, որ այդ ներդրումները բերելու են նոր մարզիկներ, նոր մեդալներ, նոր հաջողություններ»,- ընդգծել է  Տիգրան Ավինյանը: 
 «Այս տարի հայ մարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են ընդհանուր առմամբ 445 մեդալ: Նկատելով, որ տարին դեռ չի ավարտվել, ակնկալում ենք, որ այս թիվը կլինի ավելի մեծ: Բայց այս պահին անգամ կարող ենք ասել, որ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցել ենք: Սա այն բանի վկայությունն է, որ ՀՀ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղով և մեր մարզիկներն իրենց քրտնաջան մարզումներով կարողանում են ծածանել եռագույնը: Քաղաքապետարանի հետ կշարունակենք կազմակերպել տարբեր մրցումներ՝ դրանով իսկ էլ ավելի խթանելով մարզական հաջողությունները»,-նշել է Կարեն Գիլոյանը: 
Հայաստանի Հանրապետությունում մարզական բնագավառում ներդրած մեծ ավանդի, ոլորտի զարգացմանը միտված բազմամյա գործունեության համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչում: 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման, երկարամյա մարզչական արդյունավետ գործունեության և աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բնագավառում ձեռք բերած զգալի հաջողությունների և ներդրած ավանդի համար աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանն էլ պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակ» հուշամեդալով: