Երևանում շահագործման է հանձնվել վերակառուցված հերթական դպրոցը

27.11.2023
Կրթություն

Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում. Ալեքսանդր Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել:  
Կրթօջախում շրջել ու պայմաններին են ծանոթացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան,  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:   
Շուրջ վեց տասնամյակ սերունդներ կրթած դպրոցն ամբողջությամբ փոխվել է: Շենքը քանդվել ու զրոյից կառուցվել է:  
Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:
Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրով: 
Վերակառուցումից հետո այս տարի ընդհանուր առմամբ Երևանում շահագործման է հանձնվել 6 դպրոց:  
 

Լուսանկարներ