Երևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

22.04.2026

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Նախակրթարանը կունենա վեց խումբ և հնարավորություն կտա շուրջ 180 երեխայի` հաճախելու մանկապարտեզ:

«Այս տարի մենք կտանք վեց խմբանի ևս մեկ նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ Նոր Խարբերդում: Այս պահին իրականացնում ենք 24 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքեր, ընթացիկ տարում սկսելու ենք ևս 13-ինը: Վերջին տարիների ընթացքում Երևանում հիմնանորոգել ու վերաբացել ենք 45 մանկապարտեզ և այս տեմպով շարունակելով մենք մի քանի տարի հետո Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզներում կունենանք հարմարավետ պայմաններ»,- նշել է քաղաքապետը:

Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով: Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կձևավորվի կանաչ գոտի, կկառուցվի խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման համակարգ ու արտաքին լուսավորության ցանց: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով՝ շինհրապարակի հատուկ պահանջների կահավորմամբ:

Տեսանյութ

Երևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար