Երևանում գարնանային տունկ է՝ ծառեր, թփեր ու ծաղիկներ

25.04.2022

Երևանում տնկվող բույսերի մեծ մասն աճեցվում է քաղաքային տնկարանում: Այսօր արդեն 30 տեսակի ավելի քան 150 հազար բույս է աճեցվել, և երբ դրանք մեծանում են, տեղափոխվում են երևանյան այգիներ ու փողոցներ: Կանաչապատման հիմքում մշտադալարներն են:

«Առաջի հերթին ընտրում են այնպիսի տեսակներ, որոնք հարմարված են Երևանի բնակլիմայական պայմաններին և ծաղկում են հաջորդակորեն, օրինակ, հուդայածառ (արճվան), դրախտածառ, սոճի, եղևնի, գիհի», - ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:
«Այս տարի մայրաքաղաքում նախատեսված է տնկել շուրջ 120000 թուփ, 260000 ծաղիկ և 6000 ծառ»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
Այս տարի առաջնահերթը կանաչ գոտիների վերականգնումն է: Սարյանի անվան պուրակը կանաչապատման մասնագետները խոստանում են սարյանական գույներով լցնել. կանաչ գորգերը կլրացվեն ծաղկային նոր ձևավորումներով:
«Տարածքի մեծ մասը կճմապատվի, կձևավորվեն նաև ծաղկային հետաքրքիր թմբեր»,-ասում է Արծվի Գրիգորյանը:
Կանաչապատման նախապատրաստություն է Ծիծեռնակաբերդի 8.5 հա համայնքային հողատարածքում: 300 մեքենա աղբի դուրսբերումից, ջրագծի անցկացումից հետո մասնագետները նոր խնդրի բախվեցին.
«Երբ հողը լաբորատոր փորձաքննության ուղարկեցինք, պարզվեց, որ էրոզիայի է ենթարկվել: Հետևաբար, այստեղ ծառ չէր կարող աճել: Բացի այդ, փորելու ընթաքում բախվեցինք բազալտի շերտին, որը հիմա ստիպված կոտրում, հեռացնում ենք: Այնուհետ այստեղ կլցվի հատուկ հողախառնուրդ, որպեզի ստանանք սնման մակերես, և դրանից հետո միայն փակ արմատային համակարգով ծառեր կտնկվեն»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը:
Կանաչ գոտիներ են ստեղծվում նաև վարչական շրջանների ծրագրով: Շենգավիթում նոր պուրակի բարեկարգումն ավարտվել է, շուտով տարածքը կկանաչապատվի երկշերտ ծառերով ու թփերով:
«Այստեղ ժամանակին անտառային գոտի է եղել, հետո տարիների ընթացքում ամբողջությամբ շինաղբով է պատվել: Այժմ փորձում ենք վերականգնել»,-նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչանը:
Գարնանային միջոցառումների ընթացքում կանաչով են լրացվում ոչ միայն այգիներն ու պուրակները, այլև մայթեզրերը: Երևանում կանաչ գոտիների պահպանումն ունի ոչ միայն բնապահպանական կարևոր նշանակություն, այլև գեղագիտական: Կանաչ տարածքներն ավելացնելու գործընթացն արդյունավետ դարձնելու համար այս տարի կանցկացվի և կվերականգնվի մոտ 30 կմ ոռոգման ցանց:

Տեսանյութ

Երևանում գարնանային տունկ է՝ ծառեր, թփեր ու ծաղիկներ