Երևանում անցկացվեց «ՌեԱնիմանիա» միջազգային 15-րդ փառատոնը
300 անիմացիոն ֆիլմ և ավելի քան 5000 հանդիսատես. Երևանում անցկացվեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնը: Այս տարի այն նվիրված էր հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյակներին: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր:
«Այս տարի շուրջ 10 խոշոր փառատոների քաղաքապետարանը ոչ միայն ֆինանսավորել է, այլև եղել բովանդակության մշակողներից ու կազմակերպիչներից: Այդ թվում Ռեանիմանիա փառատոնն է, որը լուրջ ասելիք և նոր խոսք էր Երևանի փառատոնային կյանքում: Քաղաքապետարանի կողմից հատկացվեց 48 մլն դրամ»-, նշում է քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Քաղաքապետարանի աջակցությունն, իհարկե, շատ կարևոր էր այս տարի, որովհետև իրականացրեցինք այն ծրագրերը, որ վաղուց ուզում էինք անել»,- ասում է փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:
Հոբելյանական տարում փառատոնը ռեբրենդավորվեց. «ՌԵԱ»-ն ներկայացավ ավելի հագեցած ու նոր նախագծերով: Կինոդիտումներին զուգահեռ՝ 40 երկրի առաջատար ընկերությունների ղեկավարների, անիմատորների, պրոդյուսերների, ռեժիսորների և ոլորտի այլ մասնագետների հետ անցկացվեցին պանելային քննարկումներ, վարպետության դասեր: Առաջիկայում սպասվում են նաև համատեղ արտադրություններ:
«Քաղաքապետարանի աջակցությունը լինելու է շարունակական, մենք կանգնելու ենք կինոարվեստի կողքին»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Պատերազմ և խաղաղություն, մարդկային պատմություններ ու սոցիալական արդի խնդիրներ: Լիամետրաժ, կարճամետրաժ և ավարտուն ֆիլմեր. հիմնական այս անվանակարգերից բացի առանձնացվեցին նաև ազգային պատկերապատման նախագծերը, եղան հատուկ մրցանակներ: Անիմացիոն կինոարվեստը Երևանը նոր գույներով լցրեց: Փառատոնի ընթացքում հանդիսատեսը վայելեց նաև հայկական անիմացիոն ռետրո ֆիլմերը:
Ավանդույթի համաձայն «ՌեԱնիմանիան» հայտարարվում է ոչ թե փակված, այլ բաց՝ 2024-ի համար: Հաջորդ տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 22-27-ը:
Երևանի քաղաքապետարանն այս տարի ոչ միայն փոխեց իր մշակութային քաղաքականությունը, այլև կանգնեց խոշորագույն նախագծերի ու փառատոների կողքին: Երևանյան անիմացիոն փառատոնը կարող է և կդառնա զբոսաշրջային ուղեցույցի կարևոր կանգառ: