Երևանում ամփոփվել են Ամանորի և սուրբծննդյան միջոցառումները

07.01.2023
Մշակույթ

Ամանորի և սուրբծննդյան օրերին քաղաքի ամենահյուրառատ անկյունը Հանրապետության հրապարակն էր ու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակը՝ իր համերգային ծրագրերով ու սուրբծննդյան տոնավաճառով:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումներն ամփոփվեցվին հունվարի 6-ին: Բեմում քաղաքի խորհրդանիշը դարձած արվեստագետներն էին՝ Ռուբեն Հախվերդյանն ու Ֆորշը՝ քաղաքի, մարդկանց ու Երևանում թևածող հավերժական սիրո նոտաներով:

Երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ համերգին ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

«Երեխաների տրամադրությունը երբ տեսնում ենք, հասկանում ենք, որ մեր միջոցառումները ստացվել են: Այս ամենը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում, քանի որ հատկապես այս օրերին Երևանում ունենում ենք բազմաթիվ զբոսաշրջիկներ»,-նշում է Լևոն Հովհաննիսյանը:

«Նույնիսկ այն ծանր շրջանով, որ մենք անցնում ենք, դրական տրամադրությունը պարտադիր պայման է քաղաքի, բնակիչների ու հյուրերի համար: Մեր ամանորյա ծրագրերը կարող ենք ստացված համարել: Մշակութային առումով այս տարին, վստահաբար, շատ ավելի հագեցած է լինելու, սպասվում են խոշոր ծրագրեր»,-ընդգծում է Տիգրան Ավինյանը:

Երևանյան մեղեդիները պուրակ էին բերել երիտասարդներին, տարեցներին ու անգամ փոքրերին: Երեկոն տպավորել էր նաև զբոսաշրջիկներին:

«Ունեցել ենք 9 համարգային ծրագիր, որոնց մասնակցել է ավելի քան 30 արտիստ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Ամանորյա միջոցառումները Երևանը նորովի բացահայտելու հնարավորություն էին:

2023 թվականին մայրաքաղաքը խոստանում է լինել առավել մշակութային:

Տեսանյութ

Երևանում ամփոփվել են Ամանորի և սուրբծննդյան միջոցառումները
Տեսնել ավելին