Երևանով անցնող գետերի հուները մաքրվում են
Կենցաղային ու շինարարական աղբ, անգամ ներքնակներ. բնակիչները գետն են նետում ամեն ինչ: Երևանով անցնող գետերի ու ջրանցքների հուներն ամեն տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մաքրվում են: Այս օրերին տեխնիկան աշխատում է Գետառի և Ողջաբերդի՝ Ավանի և էրեբունու տարածքում:
«Աշխատանքները մեկնարկել են մարտի սկզբից: Աղբի ծավալաներն ամեն տարի չեն նվազում, դրա համար պետք է խնդրենք մեր բնակչությանը, որպեսզի չաղտոտեն գետերը, որովհետև դրանք մեր էկոհամակարգի համար մեծ նշանակություն ունեն: Շուրջ 4000 խմ աղբ է գեներացվում: Աղբը տեղափոխվում է աղբավայրեր» ,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
«Հիմնականում աշխատում է թրթուրավոր տեխնիկա, ամբարձիչներ ու բեռնատար մեքենաներ: Միաժամանակ՝ աշխատում է 3-4 խումբ»,-ասում է կազմակերպության տնօրեն Ալեքսան Հարությունյանը:
Որոշ փակ հատվածներում, որտեղ տեխնիկայի մուտքն անհնար է, գործի է անցնում մարդկային աշխատուժը:
Մաքրման աշխատանքները կարևոր են ոչ միայն մաքրության ապահովման, այլև ջրի անարգել հոսքն ապահովելու համար: Գետերի հուներում կուտակվում է նաև մեծաքանակ տիղմ, որը դուրս չբերելու դեպքում ամռան ամիսներին գարշահոտությունը կտարածվի հարակից տներ ու շենքեր:
«Գետառի և Ողջաբերդի ամբողջ երկայնքով, որը կազմում է մոտ 19 կմ, նախատեսվում է մինչև ապրիլի երկրորդ կես աշխատանքները ավարտել: Բնականաբար, եթե տարվա ընթացքում աղտոտվածություն է էլի նկատվում, կրկնակի, երբմեն եռակի աշխատանք է իրականացվում»,-ասում է Արսեն Կարոյանը:
Աղբը չսահմանված վայրերում թափելու համար օրենքը նախատեսում է տույժ՝ մինչև 50.000 դրամ: Սակայն այժմ քաղաքային իշխանությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություն՝ տույժերի չափը բարձրացնելու համար՝ հույս ունենալով գոնե այդկերպ զսպաշապիկ ստեղծել անբարեխիղճ քաղաքացիների համար: