Երևանն ու Աստանան մտադիր են զարգացնել գործընկերային կապերը

14.04.2023
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Ողջունելով հյուրին` Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը՝ նշելով, որ երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար կա լայն դաշտ: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:  
Կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա առարկայական գործակցություն ծավալել հստակ ուղղություններով:  
Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին