Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում

21.07.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այս անգամ ևս Ստեփանակերտ էին այցելել Երևանի բուժհաստատությունների անվանի բժիշկներ: 

Արցախի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, գլխավոր մաշկաբան Կարեն Բաբայանը, գլխավոր օնկոլոգ-քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը և մի շարք այլ բժիշկ-մասնագետներ տեղերում կազմակերպել են 275 հիվանդների անվճար հետազոտություն և խորհրդատվություններ, նաև իրականացրել են 8 անհրաժեշտ վիրահատական միջամտություններ:
Պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն ու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն են փոխանցել Երևանից բերված 50 անվանում անհրաժեշտ դեղորայքն ու բժշկական պարագաները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ