Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է

06.02.2023
Առողջապահություն

Երևանի շտապօգնության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: 
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Յակով Ասատրյանը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի ուղեկցությամբ շրջել և բուժաշխատողների հետ ծանոթացել են շարժակազմերի հնարավորություններին:
«Բացի այն, որ ստացել ենք նոր մեքենաներ, նաև սարք-սարքավորումների ցանկը համալրվեց, այսինքն՝ այսուհետ մեր բուժաշխատողները լրացուցիչ գործիքակազմ ունեն՝ աշխատանքն ավելի որակյալ և արագ կազմակերպելու ու դրանով իսկ կանչի միջին տևողությունը կրճատելու», - ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 
 «Ընդհանուր առմամբ ձևավորվում է 50 բրիգադ: Հնամաշ մեքենաները փոխարինվում են նորերով, ինչն ավելի է մեծացնում դրանց արագությունն ու հասանելիությունը», - նշել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: 
50 շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին:  Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
Շտապօգնության ծառայությունն ամեն օր սպասարկում է ավելի քան 750 կանչ, տոն օրերին՝ մինչև անգամ 1200: Շարժակազմի թարմացումն ու վերազինումը շտապօգնության ծառայությունում միակ բարեփոխումը չէ: 
«Նաև ընթացքում է ենթակայանների վերանորոգումն ու վերազինումը: Այս տարի կվերանորոգվի գլխամասը: Ամփոփելով նաև նախորդ տարին՝ ասեմ, որ բոլոր ենթակայաններում հոսանքի անկախ գեներատորներ են  տեղադրվել, ինչի շնորհիվ արտակարգ դեպքերում ծառայությունն ամբողջությամբ կկարողանա իր գործն անել»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 
«2023թ. բյուջեով հաստատվել է Երևանի շտապբուժօգնության ծառայության կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատավարձի 20 տոկոսով բարձրացումը: Հետագայում ևս նախատեսված է ավագ բուժաշխատողների աշխատավարձի ավելացում»,-հավելել է առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը: 
Բնակչության առողջության պահպանումն ու առողջապահության ոլորտի բարեփոխումները քաղաքային իշխանության համար առաջնային կարևորության են: Առաջիկայում նախատեսված են մի շարք այլ ծրագրեր, որոնք էապես կբարելավեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
 

Տեսանյութ

Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է
Տեսնել ավելին