Երևանի ու Նեապոլի միջև նախատեսվում է ստորագրել գործակցության համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Իտալիայի Նեապոլ քաղաքի քաղաքապետի արտաքին հարցերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ Նեապոլի հետ գործակցություն ծավալելու և քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային ծրագիր, որին էլ կհաջորդի երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Հարկ է նշել, որ դեռևս հուլիսին Նեապոլ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նեապոլի քաղաքապետ պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդին հրավիրել էր Երևան. գործակցության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այցի շրջանակում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նեապոլի քաղաքապետի արտաքին հարցերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեն նշել է, որ երկու քաղաքների գործակցության հարցում կարևոր դերակատարում ունի նաև մշակութային ժառանգության հանրահռչակումը. Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) եկեղեցում է գտնվում Լուսավորչի մասունքները: