Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր
Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։
Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։
«Փորձնական ծրագրով առաջին հերթին այն կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մանկապարտեզներում ունենալ այդպիսի խմբակներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
«Մեզ համար իսկապես կարևոր ու պատասխանատու է, որ մեր փորձը պետք է ներդրվի նաև համայնքային մանկապարտեզներում: Երեխաները սովորում են ոչ միայն կոնստրուկցիաներ հավաքել, այլև ծրագրավորման փոքրիկ քայլերով կառավարում են իրենց պատրաստած ռոբոտը»,-նշում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը:
Մասնագետ–դաստիարակները կանցնեն հատուկ վերապատրաստում։ Երեխաները սիրված լեգոները կընկալեն նորովի։ Հավաքված առարկաները կկարողանան նաև շարժվել, ձայներ հնչեցնել ու լուսավորվել։ Ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց։
Ծրագիրը կարևոր մի քանի բաղադրիչ ունի։ Այն առաջնահերթորեն միտված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։
Ռոբոտաշինության խմբակների ծրագիրը Երևանի քաղաքապետարանը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։