Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել են Ստեփանակերտի «Ազատամարտիկների այգու» կառուցման աշխատանքների ընթացքին

28.10.2017

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ Արցախ այցելած Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ միասին այցելել են Ստեփանակերտի «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի յուրօրինակ վայր կդառնա ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար:
Առանձնակի կարևորելով «Ազատամարտիկների այգու» կառուցումը` ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ հանգստի այս գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության լավագույն խորհրդանիշներից մեկը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական, և հետևողականորեն շարունակվելու են կյանքի կոչվել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշվել են համագործակցության ծրագրով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին