Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառմանը
Երևանի Մ․ Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում անցկացվող «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառումը մեկ հարկի ներքո էր հավաքել երևանյան էկո ակումբների աշակերտներին: Նախաձեռնությունը յուրօրինակ ցուցահանդես-հաշվետվություն էր էկո ակումբների կատարած աշխատանքի, հնարավորություն՝ փորձի փոխանակման, լավագույն փորձի ներկայացման համար: Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով առանձնակի է կարևորված ուսումնական հաստատություններում էկո ակումբներ հիմնելու նախաձեռնությունը: Երևանյան էկո ակումբների թիվն, ի դեպ, այս տարվանից կավելանա ևս չորսով, դրամաշնորհներ ստացած նոր ակումբականներին հավաստագրեր են հանձնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:
«Պատահական չէ, որ պատանիների շրջանում իրազեկվածությանը և պատասխանատու վարքագիծ ձևավորելուն միտված այս ծրագիրը լայն արձագանք է գտել ուսումնական հաստատությունների շրջանում, քանի որ շրջակա միջավայրի նկատմամբ հոգածությունը սերմանվում և արմատավորվում է նաև դպրոցում: Վստահ եմ, որ ծրագրի շրջանակում կյանքի կոչված նախաձեռնությունները և ձևավորված էկո ակումբների գործունեությունը մեծապես նպաստելու են ոչ միայն սովորողների, այլև հասարակության առավել լայն շերտերի էկոլոգիական մտածողության զարգացմանը: Միաժամանակ ողջունելով ծրագրի շարունակականությունը՝ շնորհավորում եմ այն կրթական հաստատություններին, որոնք հաղթահարել են ընտրության փուլը և համալրելու են էկո մտածողության ձևավորման առաքելությունը կրողների շարքերը»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու բարի երթ մաղթել բոլորին՝ ի նպաստ մայրաքաղաքի օրինակելի էկոհամակարգի կերտման:
«Այն երիտասարդ սերունդը, որն այսօր աշխատում է մեր և Երևանի քաղաքապետարանի հետ, միանշանակ փոխելու է ոչ միայն Երևանի լանդշաֆտը, այլև քաղաքի սահմաններից դուրս է արդյունքներ գրանցելու: Մենք միայն կարող ենք Եվրամիության անունից խոստանալ, որ ամեն ինչ անելու ենք Երևանում նպաստելու թափոնների կառավարմանը, կանխարգելմանն ու վերամշակման աշխատանքներին: Մենք բոլորս պետք է լինենք Երկիր մոլորակի լավ ընկերը, և երեք մայրաքաղաքների գործակցությունը հենց այդ նպատակին է ուղղված»,- նշել է Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն: