Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Լատվիայի խորհրդարան
Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ այցելել է Լատվիայի խորհրդարան, հանդիպել Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Ռիգայի նախկին քաղաքապետ Օլեգ Բուրովի հետ: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունը՝ արդյունավետ կառավարման մոդելների մշակման և տեղական մակարդակով ծառայությունների որակի բարձրացման հարցում: Օլեգ Բուրովի ուղեկցությամբ Արմեն Փամբուխչյանը շրջել է խորհրդարանի շենքում, ծանոթացել օրենսդիր մարմնի գործունեությանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և զարգացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում: