Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Գարնանային մեղեդի» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդեն ավանդական դարձած, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 200 նկարչուհիներ՝ 130 ստեղծագործություններով: Քաղաքապետը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է աշխատանքներին և զրուցել հեղինակների հետ:
Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, արվեստասեր հասարակությանը կին ստեղծագործողների աշխատանքների ներկայացման նման հնարավորության ընձեռումը, ըստ էության, յուրովի գնահատանք է նրանց հանդեպ. «Հայ տղամարդը միշտ ուժեղ է նաև մեր կանանց շնորհիվ, քանի որ հայ կանայք, նախ և առաջ, մայր են ու դրանով ամեն ինչ ասված է: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ թե՛ ստեղծագործող և թե՛, ընդհանրապես, բոլոր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու մաղթում եմ նրանց երջանկություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Ու թող, որ հայ օջախի սյունը միշտ ամուր լինի ձեզանով, սիրելի կանայք», - ընդգծել է քաղաքապետը:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն