Երևանի քաղաքապետարանում կայացել է «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը

26.05.2023
Մշակույթ

496 էջ և 2086 գրամ. մայրաքաղաքի հազարամյակների պատմության, հարուստ ժառանգության ու ավանդույթների մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը: Նախագիծը կյանքի կոչելու համար նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ պատմական Էքսկուրս են կատարել դեպի Հայաստանի պատմության հնագույն ժամանակներ, ուրարտական ժամանակաշրջան, որպեսզի կարողանան ներկայացնեն Երևանի հոգին: Գիրքը միավորել է 20 հեղինակի, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ է։  Նկարազարդված այս շտեմարանի շնորհանդեսը կայացավ Երևանի քաղաքապետարանում. նախագծի հեղինակներին ու աջակիցներին հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
««Երևանի հուշեր»-ը բացառիկ մի գիրք է Երևան քաղաքի և հայկական մշակույթի,  արվեստի, ճարտարապետության, երաժշտության ժառանգության, ավանդույթների մասին, և էսսեների այս հավաքածուն՝ պարոն Իլյինի կողմից հավաքված մեկ ամբողջության մեջ, իրապես Երևան քաղաքին տալիս է իր ժառանգությունը նորովի ճանաչելու, իր պատմությունը նորովի գնահատելու հնարավորություն: Ես շատ ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը՝ Երևանի ժառանգության ու հայ մշակույթի ժառանգության մասին ևս մեկ կարևոր հետք թողնելով»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ նախաձեռնությունների առջև:    
Շուրջ երկու տարի տևած աշխատանքից հետո «Երևանի հուշերը» գրքի մեծ թիմը փաստում է՝ առաջադրանքը կատարված է, նախագիծը՝ ստացված: Նախաձեռնության հեղինակը պրոֆեսոր Արմեն Դարբինյանն է, գրքի հրատարակիչը՝ Նիկոլաս Իլյինը, ողջ գործընթացը համակարգել է Էռնա Ռևազովան, հրատարակմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը:     
«Այս գիրքը սիրո մասին է, Երևանը սիրո քաղաք է, Երևանը ստեղծվել և կառուցվել է նույնպես սիրով և հանուն սիրո: Եվ, իհարկե, բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեցան գրքի ստեղծմանն ու հրատարակմանը, համակված էին այդ սիրով և ոգեշնչված էին Երևանով»,- նշել է պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:    
 

Լուսանկարներ