«Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի հուշարձան-շենքերին». Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունն արդեն հասանելի է «Յանդեքս»-ի էլեկտրոնային քարտեզում։ Ընկերության հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման նպատակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքի բնակիչներն ու հյուրերը, օգտագործելով «Յանդեքս» քարտեզները, այժմ կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները, պլանավորել երթևեկությունը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը, հասկանալ, թե ինչպե՞ս պետք է հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի փոխադրամիջոցը նստել և որքա՞ն կտևի երթևեկությունը։ Երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավելու նպատակով համայնքը «Յանդեքս»-ի հետ համատեղ շարունակում է աշխատանքը: Ի դեպ, հուլիսի 1-ից գործարկվող երթուղիները ևս թարմացված կլինի քարտեզում: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելու համար:
***
Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսայիններով: Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի, իսկ առանձին ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով:
«Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի երթուղիներում, որպեսզի կարողանանք հաճախականության պարբերականությունը՝ միջինը 10 րոպե, ապահովել: «Երևանի ավտոբուս» ընկերության հիմնական խնդիրը հասարակական տրանսպորտի ծառայություն մատուցելն է երևանցիներին»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Երևանը 30 նոր ավտոբուս ձեռք կբերի՝ առանց հավելյալ նոր վճարի։ Զեկուցվել է, որ «Ժոնգթոնգ» ընկերության հետ կա պայմանավորվածություն՝ նույն պայմանագրի շրջանակում գործընթացը կազմակերպելու համար: Փաստաթղթերն արդեն ուղարկվել են ընկերությանը:
***
Երևանի ավտոբուսներում կառավարման սարքերի համար մրցույթը կայացել է, առաջիկայում կկնքվի մատակարարման պայմանագիրը: Համակարգի ներդնումը հնարավորություն կտա առցանց դիտել ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների տեսանյութը, ուղևորների հաշվարկի սարքերի տվյալները, ինչպես նաև ստանալ ավտոբուսի գտնվելու վայրի մասին առցանց տեղեկատվություն:
***
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով նախատեսվում է սպասարկել հ. 2 և 10 երթուղիները: Գործընթացը կկազմակերպվի համատեղ՝ նախկին շարժակազմի հետ: Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև հպակային ցանցից դուրս ուղեգծերով, որը կընդգրկի Դավթաշեն, Էրեբունու զանգվածը և «Աերացիան». նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի: Զեկուցվել է նաև, որ, «Յութոնգ» ընկերության հետ պայմանավորվածության համաձայն, տրոլեյբուսների և ավտոբուսների սպասարկումը կիրականացնի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը:
***
Ամիրյան փողոցում ամբողջությամբ ավարտվել է օդային մալուխները գետնի տակ անցկացնելու գործընթացը: Ծրագիրն ընթացքում է Աճառյան փողոցում, հաջորդիվ գործընթացը կմեկնարկի Թումանյան փողոցում: Նախագծի համաձայն, «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: Հանձնարարվել է ապահովել ծրագրի շարունակականությունն ու դիտարկել նաև այլ փողոցներ:
***
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: Սեփականատերերը ծանուցվել են:
«Նույնիսկ այն հուշարձան-շենքերը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերություններին, նրանք նույնպես ունեն պարտավորություններ՝ այդ շենքերի պահպանման համար, և դրա մասին մենք հիշեցրել ենք մեր գործընկերներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ օրենքով սահմանված կարգով կան նաև պատժի մեթոդներ՝ այն դեպքերում, երբ հուշարձան-շենքերի պահպանումը մասնավորի կողմից պատշաճ չի իրականացվում: Հուսով եմ՝ նման դեպքեր չենք արձանագրի և այդ անձինք արդեն կսկսեն քայլեր ձեռնարկել»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:
***
Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում: Տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ:
«Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք է անի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջին նախագիծը դրված է հանրային քննարկման. այսօրվանից բնակիչները կարող են քվեարկել իրենց նախընտրած տարբերակի օգտին: Այս պահին քվեարկության է դրված «Մերգելյան» այգու կառուցման ծրագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Զբոսաշրջային ավտոբուսների կայանման համար մայրաքաղաքում կառանձնացվեն հատուկ վայրեր: Դրանք սահմանելու համար հանձնարարվել է քննարկումների գործընթացին ներգրավվել նաև զբոսաշրջային ավտոբուսներ շահագործող ընկերությունների ներկայացուցիչներին:
***
Արամի 60 հասցեում հուշարձան-շենքի տանիքին վերնահարկի անօրինական կառուցում իրականացրած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Քայլեր կձեռնարկվեն տանիքը նախկին տեսքի բերելու համար: Փոխքաղաքապետ Ավինյանը հորդորել է ամենակոշտ մեթոդները կիրառել ու անհրաժեշտության դեպքում նաև իրավակարգավորումները փոխել:
«Մենք չպետք է հանդուրժենք, հետո գնանք հետևանքների դեմ պայքարելու։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար. հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է, որ ուզում է հարկ բարձրանալ։ Սա անընդունելի է: Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքի հուշարձան-շենքերին»,- ընդգծել է փոխքաղաքապետը: